Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կասպարովի նոր փորձությունը

Կասպարովի նոր փորձությունը
11.10.2013 | 12:26

2014 թվականի օգոստոսին տեղի են ունենալու ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունները: Հավակնորդները երկուսն են` գործող նախագահ Կիրսան Իլյումժինովն ու աշխարհի տասներեքերորդ չեմպիոն Գարի Կասպարովը, ովքեր առաջադրվելու իրենց մտադրությունը բարձրաձայնել են օրերս կայացած ՖԻԴԵ-ի կոնգրեսի գլխավոր ասամբլեայում:
Դիտարկենք կողմերի հնարավորությունները:
Իլյումժինովը նախագահ է 1995 թվականից և առավելագույնս է օգտվում Ռուսաստանի համապատասխան կառույցի ու նրա «արբանյակների» հզորագույն աջակցությունից. էլ չենք խոսում քաղաքական գործոնի մասին, որն այստեղ միշտ է եղել վճռորոշ: Այս հենքի վրա, իհարկե, ընդամենը ծիծաղ է շարժում Իլյումժինովի այն հայտարարությունը, թե Կասպարովին ՖԻԴԵ-ի նախագահի ամբիոնը պետք է շախմատը քաղաքականացնելու, իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար: Այստեղ տեղին է հիշել ռուսական հայտնի ասացվածքը. «ՈՒմ կովը բառաչում է՝ բառաչի, քոնը թող լռի»:
Չծավալվենք, քանզի զուտ քաղաքական գործոնի շնորհիվ ժամանակին ու հետագա ողջ ընթացքում Կալմիկիայի նախագահին հաջողվեց տիրանալ ունեցած պոստին: Եթե չխուսափենք ճշմարտության աչքերին ուղիղ նայելուց, ապա ներկայումս էլ ժամանակի գործոնն աշխատում է հօգուտ Իլյումժինովի, և առաջիկա ընտրություններում նրա հնարավորությունները դարձյալ մեծ են, որքան էլ, մասնավորապես Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինի խոսքերով, Կասպարովը «շախմատի զարգացման համար ունի բազմաթիվ հեռանկարային գաղափարներ»:
Ինչ խոսք, որ Կասպարովի` շախմատը քաղաքականացնելու վերաբերյալ դատողությունները հիմնազուրկ չեն: Դրանք եկեք չդիտարկենք ողջ ծավալի մեջ, բայց աշխարհի նախկին չեմպիոնի տագնապը մասնավորապես Բաքվում կայանալիք 2016 թ. շախմատի օլիմպիադայի ու դրան Հայաստանի հավաքականի հնարավոր չմասնակցության վերաբերյալ բնավ էլ մանրուք չէ: Իլյումժինովն ու նրա նմանները գուցեև որոշակի տագնապով, սակայն աչք փակեցին առաջիկա օլիմպիադան Ադրբեջանում անցկացնելու փաստի վրա, սակայն եկեք վերացարկվենք անձնականից ու հարցնենք` ի՞նչ օլիմպիադա, եթե դրան կարող է չմասնակցել համաշխարհային շախմատի գերտերություններից մեկի` Հայաստանի ընտրանին:
«Ինձ և ոչ միայն ինձ անհանգստացնում է այն, որ Հայաստանի թիմը, որը վերջին չորս օլիմպիադաներից հաղթել է երեքում, կարող է չմասնակցել: Դա կլինի իսկական ողբերգություն»,- ապագա օլիմպիադայի հետ կապված` ասել է Կասպարովը: Իհարկե, նա հույս է հայտնել, որ մինչև 2016 թվականն ինչ-որ ելք կգտնվի, սակայն «դա միշտ տխուր է, երբ քաղաքականությունը հատվում է սպորտի հետ»:
Որ սպորտի հետ քաղաքականության հատվելը տխուր բան է, Գարի Կասպարովը պատմելով չէ, որ գիտի ու մեկ անգամ չէ, որ դրա ծանր անդրադարձը զգացել է սեփական մաշկի վրա: Քանի դեռ նա գործուն շախմատում էր ու շատ բան կախված էր իրենից, բացառապես իրենից, դրանք հերոսաբար հաղթահարում էր։ Հիշենք թեկուզ միայն շախմատային թագի համար Կարպովի հետ առաջին հանդիպումը, որը, ՖԻԴԵ-ի նախկին նախագահ Կամպոմանեսի ակտիվ միջամտությամբ, ընդհատվեց՝ իբր ժամանակի խոշորագույն երկու շախմատիստների առողջությունը չվնասելու ազնիվ նկատառումով. բայց հո մենք գիտե՞նք ինչն ինչոց էր և ֆիլիպինցին ում և ինչ պարտք էր մարում նմանօրինակ որոշում կայացնելով։ Սակայն ներկայումս այլ իրավիճակ է, այլ իրողություններ: Շախմատային անկրկնելի արքան կունենա՞ արդյոք բավարար թվով համախոհներ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում, չափազանց դժվար է ասել, բայց որ ընտրվելու դեպքում կլինի լավագույններից մեկը, թերևս չարժի էլ կասկածել: ՈՒրիշ ո՞վ նրանից լավ գիտի կամ պատկերացնում է այդ զարմանահրաշ խաղի զարգացման հեռանկարները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ